Երկրում լարված իրավիճակ է, իսկ անզիջում պայքարի հետևանքները մենք գիտենք. Էդմոն Մարուքյան
Երկրում լարված իրավիճակ է, վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկն ուշացած է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու բան չկա։ Այս մասին 1in.am-ին տված հարցազրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Լարված իրավիճակ է երկրում, որը քաոսային արագությամբ զարգանում է և զարգանում է բոլոր առումներով՝ և՛ համաժողովրդական շարժման, և իշխանական կողմից: Այսինքն՝ տեսնում ենք, որ ինչ ուժեր են կուտակվում, տարվում, բերվում: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի երկխոսության մասին առաջարկը՝ բավականին ուշացած է: Հիմա մեզ կոչ են անում՝ կգաք խոսենք, դաշնակցական ֆորմատը կա, առաջարկում ենք, որ երկխոսության հարթակ լինի, բայց խնդիրն այն է, որ մարդիկ հավատ չունեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ դեռևս ԱԺ-ում ինքն ասել է, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի փոխի, և Սերժ Սարգսյանն արագությամբ նույն նախարարներին նշանակել է իրենց պաշտոններում:
«Նույն նախարարներին նշանակելով Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է տալիս: Ի՞նչ է ուզում հիմա, որ երկխոսենք, նա հազար մեթոդով ասում է, որ ես հրաժարական չեմ տալու ու ասում է՝ եկեք երկխոսենք, ընդ որում՝ դրա մեջ չկա բովանդակություն, թե ինչի մասին երկխոսենք, որևէ մեկը չգիտի»,– ասաց նա:
Անդրադառնալով իրավիճակի լարվածությանը Էդմոն Մարուքյանն ասաց, որ ոչինչ չեն անում, որպեսզի իրավիճակը չսրվի.« Սերժ Սարգսյանն ասում է, որ հրաժարական չի տալիս, ուզում եք երկխոսենք, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու բան չկա: Այսինքն՝ երկու կողմերն էլ որևէ փոխզիջման ճանապարհ չեն թողնում և շարժվում են առաջ և դրա արդյունքում մենք ունենք ծայրահեղ լարված իրավիճակ, և ես այդ լարվածությունը զգում եմ ամենուր»:
Նրա խոսքով՝ հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ սև ու սպիտակ և երկրի միակ սրբությունը բանակն է, և երբ պաշտպանության նախարարի մեքենան շրջափակում են ցուցարարները, նա մեքենայից դուրս չի գալիս։
«Մի կողմից մեր պաշտպանության նախարարը, մյուս կողմից այդ երիտասարդները, ովքեր շրջափակում են նախարարի մեքենան, ի՞նչ են ուզում ասել դրանով: Դա ի՞նչ ատելություն է, հասկանում ենք, մեր բոլոր սրբությունները մաշելով գնում ենք, ոչ մի մարդ չկա, որ մի բան ասի ու բոլորը հետևից գնան, մեր հասարակությունը բաժանված է սև ու սպիտակի, որը խայտառակ բան է: Մեր գործընկերները «Քաղաքացիական պայմանագրի» զանգում են, ասում են՝ Առաքել Մովսիսյանը փակել է Էջմիածնի ճանապարհը: Մենք չենք կարող հասնել, որովհետև մենք չենք կարողանում Երևանից դուրս գալ, մենք ոստիկանություն բաժին չենք կարողացել գնալ»,– ասաց պատգամավորը:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իրավիճակից պետք է փնտրել լուծումներ ու լուծումը երրորդ ճանապարհն է, կա երրորդ ճանապարհը, սակայն թե որն էր Մարուքյանը չնշեց: «Այդ երրորդ ճանապարհի մասին ես խոսել եմ ավելի շուտ, հիմա այդ ճանապարհը կարող է լինել ավելի ուժեղ: Հիմա դուք ասում եք « Ծառուկյան» դաշինք, բայց այդ դաշինքից կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությունը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ըստ Սահմանադրության խորհրդարանում պետք է լինի 30% ընդդիմություն, սակայն չկա այդ ընդդիմությունը։ «Ինչո՞ւ, կա ճգնաժամ, որովհետև ամեն ինչ կեղծ է: Ես հիմա չգիտեմ, թե ինչ կարող է ստեղծվել, բայց ես վստահ եմ, որ կա երրորդ ճանապարհ»,- ասաց Մարուքյանը:
Խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանն ասաց, թե բա ի՞նչ եղավ բաց ձեռքերի պայքարը, բա ի՞նչ եղավ ոչ ատելությանը քարոզը, այս ի՞նչ է կատարվում.«Ինչո՞ւ են մարդիկ մտածում, որ ով հրապարակում չէ, լավը չէ, ով հրապարակում չէ, վատն է, սև ու սպիտակը միշտ խնդիր է առաջացրել, տեսել ենք նաև անզիջում պայքարի արդյունքը»:
Հարցին, թե ի՞նչ կոմպրոմիսի կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր ու Արամ Սարգսյանի հայացքները Նիկոլ Փաշինյանը գիտի.«Անզիջում պայքարի հետևանքները տեսել ենք, սակայն խորհրդարանական երկրում խնդիրները որտե՞ղ են լուծվում՝ խորհրդարանում»:
