Օմանի ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել դիջեյ Ավիչիի մահվան մասին
Օմանի Մասկատ քաղաքի ոստիկանությունը, որտեղ նախօրեին մահացած են հայտնաբերել համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյ Ավիչիին, տեղեկացրել է, որ շվեդ երաժշտի մահվան գործում հանցագործության նշաններ չեն հայտնաբերվել:
«Մեզ մոտ են բոլոր տվյալները մահվան հանգամանքների մասին, մենք գիտենք, թե ինչ է պատահել, սակայն այդ տեղեկությունը չենք հայտնում ԶԼՄ-ներին», - Известия-ի փոխանցմամբ՝ ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով՝ երաժշտի մարմինը Շվեդիա կարող են ուղարկել արդեն այսօր:
Հիշեցնենք, որ 28-ամյա դիջեյի մահվան մասին հայտնի էր դարձել ապրիլի 20-ին: Մահվան պատճառը, ենթադրաբար, պանկրեատիտն է, որի դեմ երաժիշտը պայքարում էր երկար ժամանակ: Նրա մահվան կապակցությամբ ցավակցութուն են հայտնել Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը և նրա կինը՝ Սոֆիան, ինչպես նաև երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը:
