Ներկայումս Արծվիկ Մինասյանը ազատ դրսևորվելու հնարավորություն ունի, իսկ նախկինում որոշակի վերապահումներ կային. Արթուր Եղիազարյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին և խոսեց ստեղծած նոր իրավիճակի մասին:
Պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն բավական սահուն հարմարվեց իրավիճակի փոփոխությանը և մինչ այդ հայտարարում էր, որ լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է, հիմա նոր իշխանության հետ է, Արթուր Եղիազարյանն ասաց, որ Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է: «Այն խնդիրները, առաջնահերթությունները, որ մենք ունեցել ենք նախորդ իշխանության հետ ձևակերպելիս, մենք այդ խնդիրները նոր իշխանության պարագայում ենք տեսնում և բանակցային գործընթաց ենք ունեցել նրանց հետ, հստակեցրել ենք, թե ուր ենք գնում»,-ասաց նա և նշեց, որ իրենց մտահոգությունները հիմնականում փարատվել են:
«Պետք է գիտակցենք, որ կոալիցիաները քաղաքական գործընթացներ են, ամուսնություններ չեն»,-ասաց նա և նշեց, որ երկրում առաջացավ նոր իրավիճակ և ավտոմատ կերպով դադարեց գործել կոալիցիան, քանի որ այն խնդիրները, որոնք ուղեգծել էին ՀՀԿ-ի հետ համատեղ, առաջ չէր շարժվում, նույնիսկ հետընթաց էր նկատվում:
Արթուր Եղիազարյանն ասաց, որ երկրում լարված իրավիճակ ստեղծվեց, իրենց և կոալիցիոն գործընկերոջ մոտեցումները տարբերվեցին: «Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել, փոխհամաձայնության մակարդակով առաջարկ է եղել նոր իշխանությունից և պատրաստակամ ենք աջակցել»,-ասաց նա:
Խոսելով Սերժ Սարգսյանին լավագույն թեկնածուն համարելու մասին՝ նա նշեց, որ Դաշնակցությունն ասել է՝ ամենալավ թեկնածուն իր համար իր թեկնածուն է, բայց կա կոալիցիա և հայտարարել էինք, որ կաջակցենք այն թեկնածուին, ում կառաջադրի ՀՀԿ-ն: «Մենք չենք ուրանում նախորդ իշխանությունների հետ մեր հարաբերությունները»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՅԴ նախարարների ընտրությունը, արդյոք կադրերի խնդիր ունեք և կարելի՞ է ասել, որ Արծվիկ Մինասյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ընտրելը պատասխան էր Կարեն Կարապետյանին, ով հանեց նրան տնտեսական բլոկից, Արթուր Եղիազարյանը ասաց, որ իրենք շատ կադրեր ունեն:
«Մենք ունենք մոտեցումներ, սկզբունքներ, Արթուր Խաչատրյանը արդարացված մարզպետ էր, Արծվիկ Մինասյանը իր մասնագիտությանը համահունչ ներկա պաշտոն է ստանում: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակումներ ենք կատարել և դա փոխվեց, իսկ հիմա վերադարձավ ի շրջանս յուր: Ներկայումս Արծվիկ Մինասյանը ազատ դրսևորվելու հնարավորություն ունի, իսկ նախկինում որոշակի վերապահումներ կային»,-ասաց նա:
