Առաջին փուլի համար բավարար կլինի, որ Փաշինյանը կարողանա հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել գործընկերային մակարդակի. Հ. Իգիթյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սոչի կատարած այցին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, նշեց, որ հաշվի առնելով արձագանքները՝ այն կարելի է դրական համարել:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում մայիսի 14-ին տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ նախկինում Հայաստանի իշխանությունները կաշկանդված էին թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե՛ հայ-ռուսական հարաբերություններում հարցեր բարձրաձայնելու հարցում:
Հարցին՝ չե՞ն խանգարի Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունները Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների համար, Հովհաննես Իգիթյանն ասաց, որ բոլոր դժգոհությունները, որոնք ունեցել են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ընդհանրապես ընդդիմադիր դաշտը, թե՛ քաղաքացիական հասարակությունը, կապված էին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ Հայաստանի կողմից անվերապահորեն տրվելուն: Նա նշեց, որ այդ ամենը բերեց նրան, որ մեր էներգետիկ համակարգը 90 և ավելի տոկոսով պատկանում է Ռուսաստանին, գազամուղը մենաշնորհային ձևով տրված է Ռուսաստանին:
«Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել գործընկերային հարաբերությունների, որտեղ ամեն մի կողմը խոսում է իր շահերի մասին, ապա դա առաջին փուլի համար բավարար կլիներ: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի` նախկինում սկզբունքային լինելը՝ Հայաստանի շահերի հետ կապված, կխանգարի ապագայում Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը կարևորեց նաև Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների վերաբերմունքը Հայաստանի իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալու գործընթացին, և նկատեց, որ նրանք չեզոք վերաբերմունք են ցուցաբերել: «Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը որևէ խոչընդոտ կամ կանխավ բացասական հարաբերություններ չունի»:
Միջազգայնագետը շատ տպավորիչ համարեց, թե ինչպես Սոչիի հայ համայնքը դիմավորեց Նիկոլ Փաշինյանին: «Երևում էր հայ համայնքի ոգևորությունը՝ Հայաստանում իրականացված գործողությունների հետ կապված, և դա նկատել են նաև Ռուսաստանի իշխանությունները: Դա կարևոր էր նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակության համար: Ինձ թվում է, որ ցանկացած երկիր կուզենար ունենալ արժանապատիվ գործընկեր: Այստեղ ես վտանգներ չեմ տեսնում»,- ասաց նա:
Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ներդրումների համար երկկողմանի հարաբերությունները, ոգևորությունը շատ կարևոր են, բայց ներսում ավելի կարևոր աշխատանք կա անելու, մասնավորապես՝ առաջինը կոռուպցիայի մթնոլորտի վերացումն է, որը նշված է միջազգայնորեն հայտնի կազմակերպության զեկույցներում, երկրորդը` որոշ օրենսդրական նախապայմաններ են պետք, որոնք հրապուրիչ պայմաններ կստեղծեն ներդրումների համար, և երրորդը ` դատական համակարգի չեզոք լինելու անհրաժեշտությունն է:
