Արարատի ոսկու կորզման գործարանի ղեկավարությունը գործադուլ անող իր աշխատակիցներին խոստացել է աշխատավարձերի բարձրացում
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի ղեկավարությունը աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշել է բարձրացնել աշխատավարձերը: Այս մասին Tert.am-ին պատմեց Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցներից մեկը:
«Ասել են, որ ցածր՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների աշխատավարձը երեսուն տոկոս կբարձրացնեն, ավելի բարձր ստացողներինն ավելի քիչ տոկոսով»,- ասաց նա՝ նշելով, որ կատարվել է իրենց պահանջներից ընդամենը մեկը, մյուսների մասով դեռ պատասխան չկա:
Նա նաև նշեց, որ հունիսի սկզբին Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցների հետ նախատեսվում է նոր պայմանագրերի կնքում, այդ ժամանակ էլ կբարձրացվեն աշխատավարձերը:
Աշխատակիցը ղեկավարության «զիջումների» հետ կապված իր մտավախություններն էլ հայտնեց, նշեց՝ դեռ պարզ չէ, թե դրա դիմաց ինչ քայլերի կգնա գործարանի ղեկավարությունը:
«Անցած տարի էլ աշխատավարձերի համար բողոքեցինք, մի քիչ բարձրացրին: Բայց դրանից հետո հաշվեհարդար տեսան ակտիվ աշխատակիցներից․ մի մասին աշխատանքից հանեցին, աշխատանքը ծանրացրին և այլն: Հիմա էլ սպասվում է, որ մի բան կանեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ առավոտյան գործադուլ էին հայտարարել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցներին սոցփաթեթների տրամադրում: