Կառավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը. Գևորգ Կոստանյան
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
«Անկեղծ ասած, բացարձակ ոչ մի նշանակություն չունի, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, կամ ով կլինի վարչապետ, բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը»,-շեշտեց նա:
Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը: Ըստ նրա՝ընտրություններն ինքնանպատակ չպետք է անցկացվեն, դրանցով քաղաքական խնդիր պետք է լուծվի:
«Եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունն այնպիսին է, որ կլինի ընդդիմությունը, կլինի իշխանությունը, երկուսի գործողությունները ուղղված են բացառապես երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա», -շեշտեց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասել էր, որ կարծում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն այս տարի:
Անի Գևորգյան
