Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է. Գայանե Հովհաննիսյան (տեսանյութ)
Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստացած և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական «Մուրացան»-ի հոսպիտալ տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանի վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ զինվորը վիրավորումը ստացել է կիրակի գիշերը, տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, վիրահատվել է, իսկ վիճակի կայունացումից հետո այսօր կեսօրին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«Այստեղ հետազոտություններ են կատարվել, այս պահին կրկնակի վիրահատության կարիք չունի, կհետազոտենք և ըստ ընթացքի, արդեն կարող ենք ասել, թե ինչպես կգնա: Իհարկե, հույս կա ապրելու, այն որ այդ ծանր վիճակից հետ որոշակի կայունացում կա, հեմոդինամիկան կայուն է, չնայած արհեստական շնչառության պայմաններում է և քնած վիճակում, բայց բոլոր կենսական ֆունկցիաները կառավարման տակ են»,-ասաց նա:
Գայանե Հովհաննիսյանն ասաց, որ «Մուրացան» հոսպիտալում ցանկացած պահի ցանկացած մասնագետի, ցանկացած հետազոտության կարիքը կարող է զգացվել, այդ պատճառով տեղափոխվել է Երևան: «Հետազոտություններից, ընթացքից արդեն պարզ կլինի, եթե նոր վիրահատության կարիք լինի, կվիրահատվի»,-ասաց նա և դժվարացավ նշել՝ հետագայում հաշմանդամություն ունենալու խնդիր կունենա զինվորը, թե ոչ. դա պարզ կլինի հետագա ընթացքից, բայց ռիսկեր կան:
Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:
