Գործադիր իշխանության փոփոխությունը գլխավոր դատախազի հրաժարականի հիմք չէ․ Արթուր Դավթյան (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ, նա գործադիր իշխանության փոփոխությունը գլխավոր դատախազի հրաժարականի հիմք չի համարում, քանի որ դատախազությունը անկախ մարմին է։
«Պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ, որոնց համար սահմանվում է դրանց կազմավորման, գործունեության անկախության համար երաշխիքներ»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցադրմանը, արդյոք ինքն էլ հրաժարական կտա ինչպես նախկին վարչապետը, եթե իրեն հանրությունը մերժի նույն կերպ, Արթուր Դավթյանն ասաց, որ գլխավոր դատախազի համար սահմանված է Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով ընտրությունը:
«Այս կառուցակարգերի պատահական չեն: Դրանք հենց նրա համար են, որ այդ մարմինները լինեն անկախ: Եվ լինեն անկախ՝ առաջին հերթին գործադիր իշխանությունից: Հիմա մեր երկրում փոխվել է գործադիր իշխանություն, սակայն եթե գործադիր իշխանության փոփոխությունը պետք է, անպայման, բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ, որ մենք կոտնահարենք անկախության երաշխիքները»,-շեշտեց Դավթյանը:
Անի Գևորգյան
