Գլխավոր դատախազի վերաբերյալ հարց խմբակցությունում կքննարկվի, եթե գլխավոր դատախազը հրաժարական տա․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ես չեմ հավակնում գլխավոր դատախազի պաշտոնին: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա Պետաիրավական հանձնաժողովի նիստին բազմաթիվ հարցեր տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հնչեցնելով նաև մեղադրանքներ։
«Նման քննարկում չի եղել, չգիտեմ որտեղից մամուլում նման նյութ էր եղել: Ես ինքս չեմ հավակնում գլխավոր դատախազի պաշտոնին։ Այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի: Մենք դեռ նախորդ տարվանից այս հարցերը բարձրացնում ենք: Մենք մեր օրակարգում չունենք որևէ պաշտոնյայի անվստահություն հայտնելու հարց։ Գլխավոր դատախազն ունի իր գործառույթները, որը պետք է իրականացնի անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից։ Մենք հիմա պարզապես փաստում ենք, որ իրավապահ մարմինները ծառայեցվել են այդ պահին եղած քաղաքական իշխանությանը»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Նա ասաց, որ գլխավոր դատախազի վերաբերյալ հարց խմբակցությունում կքննարկվի, եթե գլխավոր դատախազը հրաժարական տա։
Անի Գևորգյան
