Թուրքիայի հրեաները Գազայի դեպքերից հետո բազմաթիվ սպառնալիքներ են ստանում
Գազայում տեղի ունեցած զարգացումներից հետո Թուրքիայի հրեական համայնքը հակասեմական բովանդակությամբ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում, գրում է Ստամբուլում գործող հրեական avlaremoz.com կայքը։
Կայքը մեջբերել է Twitter սոցիալական ցանցում թուրք ազգայնականների բազմաթիվ հրապարակումներ, որոնցով վերջիններս սպառնացել են տեղի հրեական համայնքին։
«Կգա մի օր, որ Հիթլերին փառք եք տալու», «Ձեր վերջը մեր ձեռքով է գալու», «Ալլահը թող ձեզ անիծի, ձեր տեղը դժոխքն է» և նմանատիպ բազմաթիվ հակահրեական գրառումներով ազգայնականները սպառնացել են աշխարհի և Թուրքիայի հրեաներին։
Նշենք, որ Թուրքիայի հրեական համայնքը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների առիթով։
Հայտարարության՝ համացանցում տարածված տարբերակի տակ թուրք ազգայնականները նույնպես հակասեմական գրություններ են թողել՝ պնդելով, որ «սա նրանց չի փրկի»։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։