Միևնույնն է, դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում. Աննա Հակոբյանը՝ Բաղրամյան 26-ի շենքը պահելու մասին
Միևնույնն է, դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում, միևնույնն է՝ այն պահպանելու խնդիրը կա:
«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով Բաղրամյան 26-ի շենքը պահելու մասին:
«Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, դա նաև իշխանության սիմվոլիկաներից մեկն է Հայաստանում, ես դա համեմատում եմ Սպիտակ տան հետ, դրանք պետք է տարիներ հետո դառնան պատմության մաս»,- շարունակեց նա:
Աննա Հակոբյանը, խոսելով երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հետ կապված վերջին միջադեպի մասին, հորդորեց շատ ավելի հանդուրժող լինել:
«Մեր հանրության որոշ խմբեր այնքան հեշտ են մարդուն բարձրացնում ու իջեցնում: Հիմնվելով մի դրվագի վրա՝ պետք չէ մարդուն բարձրացնել կամ իջեցնել: Հասկանալի է, որ մարդկանց մոտ բացասական էներգիան շատ է հավաքված, բայց պետք է ձերբազատվել այդ բացասական էներգիայից»,- նշեց Հակոբյանը:
Իսկ ինչ վերաբերում է իր եղբորը՝ Հրաչ Հակոբյանին, ով դառնալու է պատգամավոր՝ փոխարինելով առաջին փոխվարչապետ դարձած Արարատ Միրզոյանին, Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ եղբոր անձնական որոշումն է եղել մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Նրա խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգով մասնակցած եղբայրը խորհրդարանական ընտրությունների ժամանակ բավականին շատ ձայներ է հավաքել:
