«Նողկալի է». հանդիսատեսը լքել է Լարս Ֆոն Տրիերի ֆիլմի պրեմիերան Կաննի կինոփառատոնում
Ավելի քան հարյուր մարդ չի կարողացել մինչև վերջ դիտել դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի պրեմիերան Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում:
Ինչպես նշում է РИА Новости-ն, ֆիլմը դիտողները «նողկալի», «տանջալի» և «թշվառ» են անվանել ֆիլմը՝ նշելով, որ այն «պետք չէր նկարահանել»:
«Հենց նոր լքեցի Լարս Ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերան, քանի որ նայել, թե ինչպես են կրակում և սպանում երեխաներին, ո՛չ արվեստ է, ո՛չ էլ զվարճություն»,- գրել է Չառլի Անջելան:
Ինչպես Twitter-ում գրել է Variety-ի թղթակից Ռամին Սետուդեխը, «Տուն, որը կառուցել է Ջեքը» տարվա ամենավատ ֆիլմն է և ֆիլմ դիտելու ոլորտում իր կյանքի ամենատհաճ փորձերից մեկը:
«Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը պատմում է սերիական մարդասպան Ջեքի մասին, որը ձևակերպում է իր յուրաքանչյուր հանցագործություն որպես արվեստի գործ: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասան Մեթ Դիլոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։
