Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի կրթության նախարար և Անվտանգության խորհրդի անդամ Նաֆտալի Բենեթն արձագանքել է Թուրքիայից Իսրայելի դեսպանին արտաքսելու որոշմանը և Իսրայելի դատապարտմանը: Այս մասին նա գրել է Twitter-ում, տեղեկացնում է Israelnationalnews.com-ը:
«Էրդողանը ոտքից գլուխ թաթախված է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությամբ: Մարմարայի միջադեպից հետո նրա հետ տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ փոխհատուցման գործարք ստորագրելը ծանր սխալ էր», - գրել է Բենեթը:
«Այն ժամանակ ասացի, որ նա կվերադառնա մեզ վնասելու համար և նույնիսկ դեմ քվեարկեցի ամոթալի համաձայնագրին, որը, դժբախտաբար, ընդունվեց խորհրդի կողմից», - նշել է նա:
Բենեթը նաև կոչ է արել Իսրայելի կառավարությանն արձագանքել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և բոյկոտելով Թուրքիային:
Բենեթը հստակ կետերի միջոցով կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նար՝ չեղարկել ուղևորությունները դեպի Թուրքիա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Իսրայելի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն: Դեսպանն ԱԳՆ է կանչվել Գազայի դեպքերի հետ կապված, հայտնի է, որ նրան կոչ են արել լքել երկիրը։
Իսրայելի արտգործնախարարությունը նույնպես պահանջել է, որ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ապարտեիդի քաղաքականություն վարելու և պաղեստինցիների դեմ հանցագործություններ անելու համար:
Հիշեցնենք, որ Իսրայելի և մահմեդական երկրների հարաբերությունները վատթարացել են Գազայի հատվածում բռնության էսկալացիայի կապակցությամբ: Կոնֆլիկտի սրման պատճառ է դարձել ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ: