Արտակ Զեյնալյանի ծառայություններից ժամանակին հրաժարվել եմ, Աշոտ Կարապետյանին էլ պաշտոն են տալու. Գ. Վիրաբյանը՝ խոշտանգման մասին դիմումը հետ վերցնելու մասին
Չեմ ուզում հիմա էլ նոր իշխանությունների հետ «քյալլա տամ», դրա համար եմ պատրաստվում հետ վերցնել ոստիկանության կողմից խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ բողոքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ համակիր Գրիշա Վիրաբյանը:
«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իմ նախկին փաստաբանն է, որի ծառայություններից ժամանակին հրաժարվել եմ, հիմա ամեն ինչ իր վերահսկողության տակ է: Աշոտ Կարապետյանին էլ ասում են՝ պաշտոն են տալու: Չորս օր է փորձում եմ նոր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել, չի հաջողվում, չեն ընդունում, ուզում եմ հասկանալ՝ Աշոտ Կարապետյանին պաշտոն ե՞ն տալու, թե չէ, էդ դեպքում կստացվի իմ դիմումի հիման վրա շարքայինները միայն պատասխան կտան, խոշոր գայլին գործ կտան, մանրերը՝ կպատժվեն»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ 14 տարի շարունակ Գրիշա Վիրաբյանը պնդում էր, որ 2004-ի ապրիլին ոստիկանության Արտաշատի բաժանմունքում ինքը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Այն ժամանակ մարզային վարչության աշխատակից, այժմ ոստիկանության գեներալ-մայոր, Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կարգադրել է նրան ձեռնաշղթա հագցնել և կոշիկով հարվածներ է հասցրել գոտկատեղից ներքև, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:
Դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել էր՝ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։ Եվրոպական դատարանի վճռից գրեթե 6 տարի անց, գործը վերաբացվել էր, քննությունից հետո ուղարկվել էր դատարան:
Գրիշա Վիրաբյանը ընդգծեց, որ որքան էլ Աշոտ Կարապետյանը հերքի իր մասնակցությունը միջադեպին, միևնույն է իրեն հաջողվել է մասնակցությունը ապացուցել: Նա կրկին պնդեց, որ Աշոտ Կարապետյանն իրեն հարվածել է:
«Հոգնել եմ, 14 տարի պայքարել եմ, իմ վրեժը լուծել եմ, միջազգային ատյաններում հաջողության եմ հասել, Աստված իրանց հետ»,-եզրափակեց նա:
