Հյուսիսային Օսիան հետաքրքրված է Ռուսաստանից Հայաստան և Վրաստան «առևտրային միջանցքների» բացմամբ. քաղաքագետ
Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի առևտրատնտեսական հարաբերությունները տարիների պատմություն ունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային Օսիայում բնակվող քաղաքագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմաբան Բորիս Կոյբաևը՝ մեկնաբանելով պաշտոնական Թբիլիսիի պատրաստակամությունը Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացման վերաբերյալ:
Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ հարցը Պրահայում քննարկելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
Կոյբաևը նշեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ, իսկ ցամաքային այս միջանցքի բացումը միայն ամրապնդելու է դրանք:
«Ցանկացած տնտեսական կապ, տնտեսական միջանցք, որը կկապի Վրաստանը Հայաստանին, Հայաստանը Աբխազիային, Վրաստանը Ռուսաստանին, չի կարող անտեսվել պաշտոնական Մոսկվայի կողմից: Օսիայի համար էլ սա կարևոր նշանակություն ունի: Մենք ուզում ենք, որ այս միջանցքը լինի անվտանգ, երաշխավորի արտահանումների, ներկրումների անվտանգությունը»,- ասաց Բորիս Կոյբաևը:
Այս ճանապարհի բացման համար, Հյուսիսային Օսիան, որպես այդպիսին, խնդրահարույց հարցեր չի տեսնում, բայց կան չլուծված հարցեր Հարավային Օսիայի հետ:
«Հյուսիսային Օսեթիայի համար կա մի չլուծված հարց, դա Հարավային Օսիան է, որը, չնայած ճանաչված է, բայց մենք չէինք ցանկանա, որ հետագայում մեր միջև լարվածության աճ, էսկալացիա լինի: Մենք հետաքրքրված ենք Վրաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, երկկողմանի լիարժեք հարաբերություններով և միաժամանակ ուզում ենք, որ Հարավային Օսիայի հետ նորմալ լինեն մեր հարաբերությունները: Ամեն դեպքում մենք հետաքրքրված ենք այս միջանցքի բացմամբ»,- ասաց Կոյբաևը:
Իսկ ինչ վերաբերում է ճանապարհների բացման պարագայում մաքսային կետերի տեղադրմանը, ապա քաղաքագետը նշեց, որ դա քննարկվելիք հարց է և պետությունը պետք է որոշում կայացնի:
«Սա միջպետական հարց է, կարծում եմ, որ պետություններն իրար մեջ կպայմանավորվեն՝ մաքսակետ տեղադրելու են, թե ոչ, ստուգելու են ապրանքները, թե ոչ»,- ասաց Կոյբաևը:
Շվեյցարական պայմանագիրը, որով տրվում է նման հնարավորություն, տարիներ շարունակ ձգձգվել է, քանի որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ:
Սուխումին և Ցխինվալը բազմիցս սպառնացել են արգելել բեռների տեղաշարժը միջանցքներով, եթե իրենք պայմանագրի լիիրավ մաս չկազմեն, մինչդեռ Թբիլիսին կտրականապես բացառում էր այդ տարբերակը:
Ներկայումս Վերին Լարսը Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ուղին է, որը, սակայն, եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվում է:
