ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագծի երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունման հարցն է
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: 24-ժամյա ռեժիմով քննարկման կներկայացվեն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը՝ արդեն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ:
Նիստի օրակարգում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նշենք, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը:
Այս փոփոխությամբ պետությունը նախատեսում է թեթևացնել ինչպես համակարգին միացած, այնպես էլ հուլիսի 1-ից միացող անձանց սոցիալական բեռը: Նախարարի տեղեկացմամբ՝ այսօր կուտակային համակարգին միացել է ավելի քան 200 հազար քաղաքացի, հուլիսի 1-ից նրանց թիվը կավելանա մոտ 80 հազարով: Խոսքը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին:
Օրակարգի հարցերից են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ.-ի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր:
