Էդմոն Մարուքյանը և Հակոբ Հակոբյանը պարզաբանեցին նախօրեին տեղի ունեցած անախորժության պատճառը
ԱԺ-ում ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցման քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը փորձեց պարզաբանել նախօրեին իր և Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի միջև տեղի ունեցած անախորժությունը:
«Երբ կուտակայինի նախագիծն էր քննարկվում, պարոն Հակոբյանն իմ անունը տվեց և ասաց, որ տեսեք, հանձնաժողովում ձեռնպահ եք քվեարկում, իսկ այստեղ՝ կողմ, իմացեք՝ ինչ եք անում: Ես ասում եմ՝ պարոն Հակոբյան, մենք հանձնաժողովում մարդ չունենք, ինչպե՞ս կարող ենք քվեարկել, ինքը շարունակում է: Հիմա մարդիկ իմացան՝ հանձնաժողովում ձեռնպահ ենք քվեարկել, այստեղ՝ կողմ, բայց նման բան չի եղել: Հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածի և գոնե հերքի, ոչ թե սկզբունքային պնդի»,-ասաց նա:
Ամբիոնին մոտեցավ նաև Հակոբ Հակոբյանը և նշեց, որ, այո´, ինքը Մարուքյանի անունն է տվել, բայց նրան նկատի չի ունեցել, այլ կառավարության մաս կազմող ուժերին:
Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հանձնաժողովում ձեռնպահ էր քվեարկել, իսկ նիստերի դահլիճում առաջին ընթերցման ժամանակ՝ կողմ:
«Այո´, Ձեր անունը տալով՝ Ձեզ նկատի չեմ ունեցել և այո´, հանձնաժողովում չունեք անդամ, որը քվեարկի, ինչպես կարող եմ Ձեզ նկատի ունենալ, իմ ասածը վերաբերում էր կառավարություն կազմող ուժերին, որոնք ձեռնպահ են քվեարկել»,-ասաց նա:
ՀՀԿ պատագամավորը, առիթից օգտվելով, նշեց, թե իր խոսքերն էլի են խեղաթյուրում լրատվամիջոցները և իրեն վերագրում, թե իբրև ժամանակին ասել է՝ «միս չկա՝ կարտոշկա կերեք», մինչդեռ ինքը մսի ու կարտոֆիլի մասին ոչ մի խոսք չի ասել, մինչդեռ հասարակությունը կարծում է, թե ասել է:
«Հարգելի´ ժողովուրդ, ես նման բան չեմ արել, արած էլ լինեի՝ ներողություն կխնդրեի: Չեմ ասել նման բան, ինչո՞ւ պետք է արդարանամ, բայց արի ու տես ամբողջ հանրությունը դրա մասին է խոսում»,-ասաց Հակոբ Հակոբյանը:
