Թուրքիայի ընդդիմությունը ՆԳ նախարարին մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու համար ու հրաժարականի կոչ արել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին անհապաղ հրաժարական ներկայացնել՝ մեղադրելով նրան քաղաքացիական պատերազմ հրահրելու համար, գրում է «Ակօսը»։
Նախօրեին ՆԳ նախարարը հայտարարել էր, որ արգելում է ընդդիմադիր պատգամավորներին մասնակցել զոհված զինվորների հուղարկավորության արարողություններին։
«Նրանք թող քուրդ ահաբեկիչների թաղումներին գնան։ Այսքան բան»,-ասել էր Սոյլուն։
Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նման կոչով Սոյլուն բացահայտ քաղաքացիական պատերազմ է հրահրում ու պետք է անհապաղ հրաժարական տա։
«Մնացել էր միայն, որ այս երկրում հիմա էլ նահատակների՞ն բաժանենք իրար մեջ։ Նահատակներն այս ժողովրդինն են, նրանք մերն են, ինչպե՞ս կարող ենք բաժանել նրանց իրար մեջ։ Ի՞նչ է նշանակում Ժողովրդահանրապետականները չեն մասնակցելու հուղարկավորություններին։ Մասնակցելո՛ւ են։ Նահատակներին քաղաքականության գործիք դարձնելուց սխալ բան չկա։ Եթե մի երկրի ՆԳ նախարար նման հրաման է տվել՝ պետք է անհապաղ հրաժարական տա», - ասել է Քըլըչդարօղլուն։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Սոյլուն օրերս նաև զանգահարել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանին ու մահվան սպառնալիքներ հնչեցրել՝ ասելով, թե «այսուհետ դուք ապրելու իրավունք չունեք»։
«Այո, զանգել եմ։ Դեռ մի բան էլ ավել եմ ասել»,- հաստատել էր ՆԳ նախարարը:
Հայտնի է, որ քրդամետ կուսակցությունը հեռախոսազանգի առնչությամբ դատական հայց է ներկայցրել նախարարի դեմ։
