Հայտնի է դարձել ԱՄՆ-ում Capital Gazette-ի վրա հարձակվողի ինքնությունը (լուսանկարներ)
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում նախօրեին Capital Gazette թերթի խմբագրության դեմ իրականացված զինված հարձակման համար ոստիկանությունը կասկածում է նույն նահանգի բնակիչ Ջերոդ Ուորեն Ռամոսին, որն ավելի վաղ թերթին մեղադրել էր իրեն զրպարտելու համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռամոսը խնդիր էր ունեցել պարբերականի խմբագրակազմի հետ դեռ 2012 թ.։ Կասկածյալը երկար տարիներ քննադատության է ենթարկել պարբերականի գործունեությունը սոցցանցերում, ինչպես նաև հետապնդել խմբագրության անդամներին։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ թերթի խմբագրության վրա հարձակված հրաձիգը 2012 թ. դատի է տվել թերթին՝ մեղադրելով զրպարտության համար։
Հիշեցնենք, որ Ռամոսի զինված հարձակման հետևանքով մահացել է 5 մարդ։ Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից։
