Մակրոնը մեկնաբանել է ԵՄ ընդունած միգրացիոն համաձայնագիրը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարների ընդունած միգրացիոն համաձայնագիրը ենթադրում է փախստականների ընդունման վերահսկվող կենտրոնների ստեղծում:
Ինչպես նշում է The Huffington Post-ը, Մակրոնն ընդգծել է, որ տվյալ կենտրոնների ստեղծումը հնարավորություն կտա բարելավել փախստականների ԵՄ ընդունման գործընթացի կազմակերպչական մասը:
Հայտնի է, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում միգրացիոն համաձայնագիր են ընդունել:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում փախստականներին չընդունելու հարցի շուրջ լուրջ տարաձայնություններ են առաջացել Իտալիայի և Ֆրանսիայի միջև: Իտալիայի նոր ձևավորված կառավարությունը փախստականների նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարում՝ հայտարարելով, որ այլևս չի ընդունի նրանց տեղափոխող նավերը: Մինչդեռ Ֆրանսիան պահանջում է, որ Իտալիան վերանայի իր դիրքորոշումը:
