Լեհաստանում Գերմանիայից փոխհատուցում են պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի վնասների համար
Լեհաստանի իշխող կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին ուրբաթ կրկին պահանջել է, որ Գերմանիան Լեհաստանին փոխհատուցի Երկրորդ համաշխարհային պատերազմի վնասները, հայտնում է Reuters գործակալությունը:
«Սա լեհ-գերմանական հարց է, նկատի ունեմ, որ Գերմանիան է ներխուժել Լեհաստան՝ սպանելով միլիոնավոր մարդկանց, ոչնչացնելով նյութական արժեքներ, և մենք պետք է փոխհատուցում ստանանք դրա համար»,- ասել է Կաչինսկին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, փոփոխություններ է կատարել Հոլոքոստին լեհերի ներգրավվածության մասին հրապարակային մեղադրանքի դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքում:
Ավելի վաղ օրենքով նախատեսվում էր պատիժ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման տեսքով՝ Հոլոքոստին լեհ ժողովրդի կամ պետության մեղքի մասին մտքեր տարածելու համար: Իրավախախտում էր համարվում մասնավորապես «լեհական համակենտրոնացման ճամբարներ» ձևակերպման օգտագործումը:
Տարեսկզբին երկրում ընդունված այդ վիճելի դրույթներն Իսրայելի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կոնֆլիկտի պատճառ են դարձել:
