Հեղափոխությունից հետո քաղաքական ուժերը նետվեցին կերակրատաշտը բաժանելու` նոր տորթի բանաձևով. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այս պահին Հայաստանում տեսանելի գործընթացները կապված են մինչև այսօր գործող ոչնչացնող համակարգի ապամոնտաժման հետ, բայց կարևոր բացեր կան:
«Եթե մետաստազներն ես կտրտում, այն էլ դրանց վերջույթները, բայց բնին հարված չես հասցնում, քաոսի համակարգը պահպանվելու է: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է, բայց դա հիմնական գործիքը չէ, հիմնական գործիքը հայկականությունը հաստատելն է, հիմնական գործիքը նոր քաղաքակրթական ընտրությունն է` Շվեդիա, թե Հայք»,-շեշտեց նա:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում Ադրբեջանում երիտասարդները սկսել էին խոսել այն մասին, որ իրենց երկրում ևս հեղափոխություն է պետք, որից հետո կողմերը կարող էին նստել սեղանի շուրջ և գտնել խնդրի կարգավորման, խաղաղության բանաձևը, սակայն հիմա մենք այլ հորձանուտում ենք, որտեղ կրկին խոսվում է թշնամանքի մասին: Ադրբեջանը խոսում է հարվածելու, մենք՝ պաշտպանվելու մասին, ինչը հեղափոխությունը ոչնչացնելու պատկեր է:
«Մենք այնքան տկար գտնվեցինք, որ նետվեցինք կերակրատաշտը բաժանելու` նոր տորթի բանաձևով, մեր քաղաքական ուժերը չհասկացան, որ տրված է նոր ասպարեզ, և այդ քաղաքականության ալիքները պետք է տարածենք նաև դեպի Ադրբեջան, ողջ տարածաշրջան, ժողովուրդները պիտի խոսեն, թե ինչպես են ապրելու առանց իրար սպանելու»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:
Աշոտ Մանուչարյանն ընդգծեց, որ հեղափոխությունը տվել է շանս՝ տարածաշրջանում արյունալի համակարգը քանդելու, իսկ հիմա քաղաքական ուժերը մտածում են Հայաստանում ընտրություններին մասնակցելու մասին:
Մանրամասները`տեսանյութում
