Սիրիական բանակն ազատագրել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ալ Խարաք քաղաքը
Սիրիական բանակն ազատագրել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող և Հորդանանի հետ սահմանակից Ալ Խարաք քաղաքը, այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը։
Գործակալության ունեցած տվյալների համաձայն՝ կառավարական ուժերը լայնամասշտաբ գրոհ են սկսել ընդդիմադիր զինյալների դեմ երկրի հարավ-արևմուտքում և այժմ գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած երկու խոշոր դիրքերից մեկում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման ժամանակ կարող է քննարկել նաև Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերումը։
Նշվել է, որ Թրամփը պատրաստ է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հարավ-արևմտյան շրջաններից, եթե Ռուսաստանն արգելափակի Իրանի մուտքն այդ տարածքներ։
