ՊՊԾ գնդի գործով կալանքից ազատ արձակված Արամ Հակոբյանը չէր ներկայացել դատարան. նա հիվանդանոցում է
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով դատաքննությունը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ, հունիսի 8-ին խափանման միջոց կալանքից ազատ արձակված Արամ Հակոբյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված գրավը՝ 500 հզր դրամի չափով:
Պաշտպան Եգորյանը հայտնեց, որ Հակոբյանը 2 անգամ գլխուղեղի կաթված է ստացել, ինչի մասին չի իմացել, իսկ այժմ հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում:
Մեղադրող Հակոբ Ենոքյանն ասաց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել, ինչից հետո նիստը հետաձգվեց:
Նշենք, որ Արամ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
