ԵՄ-ն կոչ է արել ՌԴ-ին ստանձնել մալայազիական Boeing-ի կործանման պատասխանատվությունը
Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին ստանձնել իր պատասխանատվությունը և լիարժեքորեն համագործակցել 2014թ. Ուկրաինայում Boeing ինքնաթիռի կործանման հետաքննության շրջանակներում: Այդ մասին ասված է ուրբաթ ԵՄ գագաթնաժողովում հաստատված փաստաթղթերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրոպական խորհուրդը հայտարարում է MH17 չվերթի կործանման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2166-րդ բանաձևին իր լիարժեք աջակցության մասին: Նա կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը ստանձնել իր պատասխանատվությունը և լիարժեք համագործակցել ողջ ջանքերով ճշմարտության և արդարության հաստատման ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ JIT միջազգային քննչական խումբը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից, ենթադրաբար, Ուկրաինայի արևելքում հարված էր հասցվել մալայզիական ինքնաթիռին, պատկանել է ռուսական զինված ուժերին:
Փորձագետներն ուսումնասիրել են բոլոր հասանելի պատկերները և պարզել են, որ «Բուկ»-ն ունի մի շարք յուրահատկություններ: Ինչպես հայտնել է Նիդեռլանդների ներկայացուցիչը՝ ինքնաթիռի կործանման երկրորդ հետաքննության նախնական արդյունքների ներկայացման ընթացքում, պատկերների միջոցով խումբը կարողացել է ստանալ մատնահետքերը և պարզել է, որ զենիթահրթիռային համալիրը եկել է «Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքի 53-րդ զենիթային բրիգադից»:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014թ.հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի երկնքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են:
