Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, սպանությունները կանխողին պետք չէ քրեական հետապնդման ենթարկել. պաշտպան
Արթուր Ասատրյանի (հայտնի որպես Դոն Պիպո-խմբ.) պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը նրան առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն:
Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքի իր էջում:
Նա, մասնավորապես գրել է. «Քաջատեղյակ լինելով Արթուր Ասատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերին` ցանկանում եմ նշել, որ թե բարոյական, թե իրավական հարթությունում որևէ ողջամիտ արդարացում չկա նախաքննական մարմնի որդեգրած մոտեցումներին, պաշտպանյալիս առաջադրված անհիմն մեղադրանքին, մերձավոր ազգականների հետ հեռախոսային խոսակցությունները և տեսակցությունները արգելելով փաստացի խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին»:
Քրեական գործի առնչությամբ պաշտպանը նաև գրել է, որ եթե թեկուզ պայմանական մի պահ պատկերացնեն, որ իրոք Արթուր Ասատրյանին և այլ անձանց սպանել ցանկացող հանցախումբը մինչև ոստիկանների նրանց հայտնաբերելն ինչ-որ անձի կողմից բացահայտվել են և նման կերպ կանխվել է առանձնապես ծանր հանցագործությունների (սպանությունների) մի ամբողջ շղթա, ապա այդ հանցախումբը հայտնաբերող և այդ սպանությունները կանխող անձին պետք է «հերոսի կոչում» տալ, այլ ոչ թե քրեական հետապնդման ենթարկել կամ ենթարկելու փորձ կատարել. «Այսինքն, ցանկացած օրինապահ քաղաքացի, ով տեղեկություն ստանա, որ հանցագործություն է կատարվում և այն իր միջոցներով կանխի, որի ընթացքում հնարավոր է նաև ինչ-որ վնաս պատճառի այդ հանցագործներին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվ՞ի...սա աբսուրդ է և հակասում է այսօրվա մեր իրողությանն ու գաղափարներին: Իսկ հիմա ինչ է ստացվում. ստացվում է, որ սպանություն նախապատրաստողները ճանաչվում են ապօրինի ազատությունից զրկվածներ, տուժողներ, որով նախաքննական մարմինը միտումնավոր կամ ակամայից թուլացնում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված Արթուր Ասատրյանի և այլ անձանց սպանության փորձի գործով ամբաստանյալների մեղադրանքները, ապացույցները, որով էլ հնարավորություն է տրվում նրանց ինչ-որ կերպ խուսափել պատասխանատվությունից, սակայն թե ում է սա ձեռնտու՝ պատասխանը դեռևս պարզ չէ»:
Պաշտպանը գրել է, որ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմիները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` անհիմն կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
Նշենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձերի առևանգումը և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը:
