Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին և Իրանին միջամտել Սիրիայի հարավ-արևմուտքում տիրող իրավիճակին
Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Իրանին որպես սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ կոչ անելով կանգնեցնել երկրի հարավ-արևմուտքում՝ Դերաայի և Քունեյթրայի շրջաններում, Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյի հայտարարությանը:
«Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Աստանայում ստորագրված համաձայնագրի համաձայն անվտանգության գոտի հռչակված Դերաայի և Էլ-Քունեյթրայի շրջաններում, իշխանությունների ուժերի հարձակումների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ: Մենք այդ նորությունն ընդունել ենք մեծ անհանգստությամբ և վճռականորեն դատապարտում ենք այդ անմարդկային հարձակումները: Նման հարձակումները վնասում են տարածաշրջանում ճգնաժամի քաղաքական կարգավորման և բռնության նվազեցման որոնման ուղղությամբ Աստանայում և Ժնևում ձեռնարկվող ջանքերին: Կոչ ենք անում Աստանայի համաձայնագրի երաշխավոր երկրներին (ՌԴ և Իրան) և միջազգային հանրությանն անհապաղ կանգնեցնել այդ հարձակումները»,- ասված է հայտարարությունում:
Կայքը հիշեցնում է, որ նշված շրջանները մտնում են 2017 թվականին հուլիսին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի պայմանավորվածությամբ ստեղծված անվտանգության գոտու մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը մեղադրել է ռուսամետ ուժերին այդ գոտու ուղղությամբ օդային և հրետանային հարվածներ հասցնելու համար:
