29 մլն դրամ է վճարվել 16 քաղբանտարկյալի ազատ արձակելու համար, ևս 18-ի գրավ դեռ պետք է վճարվի. ՀԽ (տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանն արդեն իսկ 29 մլն դրամ է վճարվել 16 քաղբանտարկյալի ազատ արձակման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը` հավելելով, որ խափանման միջոցի փոփոխության հարցով պատգամավորները ներկայացրել են երաշխավորագրեր, ստորագրություններ, բայց գրավի վճարումը կատարում է ՀԽ-ն, բացառությամբ Ներսես Պողոսյանի դեպքի:
«65 հազար դոլար, պատկերացրեք, դա ինչ թիվ է: 10 մլն դրամ վճարվել է Կարո Եղնուկյանի համար, որի կեսը Կարո Եղնուկյանը պարտքով է վճարել, բայց այս գումարը կապ չունի մեզ տրված նվիրատվությունների հետ, եթե 29 մլն –ից հանում ենք 10 մլն, 15 հոգու համար ստացվում է 19 մլն: ՀԽ-ն 5 մլն դրամի վճարումը կատարել է անձնական միջոցներով, մնացած 14 մլն-ից 5,5 մլն –ը պարտք ենք վերցրել, երբ Ժիրայր Սեֆիլյանի գրավի համար 6,5 մլն դրամ գրավ պահանջվեց, մնացած 8,5 մլն-ն ստացել ենք որպես նվիրատվություն: Այժմ 18 հոգի դեռ գտնվում է բանտերում, որոնցից 3-ի համար արդեն վճարել ենք, բայց խափանման միջոցը չի փոխվել»,-շեշտեց նա:
Սյուզան Սիմոնյանը կարծում է, որ բարձր գրավի սահմանմամբ հին համակարգի դատարանները հալածանքի են ենթարկում ՀԽ-ին, քաղբանտարկյալներին, քանի որ անազատության մեջ գտնվող մարդիկ, 2 տարի է, չեն աշխատել, սոցիալապես անապահով են, և այդքան գումար գտնելն իրենց համար անհնար է:
ՀԽ անդամ Կարո Եղնուկյանն էլ ասաց, որ քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը ոչ միայն վիրավորական է, այլ նաև անբարոյական: Նա կարծում է, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ:
«Դա անարդարացի է և անհավասար: Այն խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում, ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության, սա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են երկիրը լքել»:
Կարո Եղնուկյանի կարծիքով ` քաղբանտարկյալներն այս պահին պատանդներ են հին համակարգի ձեռքում, գրավն էլ պատանդառության գինն է:
