Էրդողանը հաղթեց, քանի որ աշխարհիկ ու արևմտամետ հայացքներով աչքի ընկնող ընդդիմությունը վախեցրել էր պահպանողականներին․ թուրք պատգամավոր
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրանց կոալիցիոն գործընկեր ազգայնական «Ազգային շարժում»-ն այս անգամ կարող են համաձայնության չգալ, ինչը կբերի քաղաքական ճգնաժամի ու նոր արտահերթ ընտրություններիանցկացման: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Իզմիրից ընտրված պատգամավոր Աթիլլա Սերթելը։
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, ընդդիմադիր պատգամավորը նաև խոսել է իրենց կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի անհաջողության պատճառի մասին:
Ըստ Սերթելի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ տարավ, քանի որ նրան ձայն տվեցին ոչ միայն իր կողմնակիցներն, այլև անգամ այլ՝ «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների պահպանողական ընտրողները, որոնց վախեցրել էին աշխարհիկ ու արևմտամետ դիրքորոշմամբ հայտնի Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ինջեի հանրահավաքները։
«Ինջեի բազմամարդ հանրահավաքները տեսնելով՝ բազմաթիվ պահպանողականներն ապրեցին այն վախը, թե նա կարող է իսկապես իշխանության գալ։ Մենք տեսանք, որ բազմաթիվ նահանգներում Էրդողանը ձայներ ստացավ անգամ ընդդիմադիր «Լավ» ու «Երջանկություն» կուսակցությունների ընտրողներից»,-շեշտել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրություններում Էրդողանը ստացել էր ձայների 52.6 տոկոսը, Ինջեն՝ 30.6 տոկոսը։
