Աշնանային նստաշրջանից սկսած Արցախի ԱԺ լիագումար նիստերը հեռարձակվելու են ուղիղ եթերի ռեժիմով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ԱԱՀ ԱԺ նիստերի ուղից հեռարձակման բացակայութանը:
Նա մասնավորապես ասել է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում Ազգային ժողովի նիստերն ուղիղ հեռարձակելու վերաբերյալ քաղաքացիների և լրագրողների հարցման՝ ասեմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 28-ի լիագումար նիստում հայտարարել էր, որ աշնանային նստաշրջանից սկսած լիագումար նիստերը հեռարձակվելու են ուղիղ եթերի ռեժիմով։
Հիշեցնեմ, որ երեկվա լիագումար նիստով Աժ-ն ավարտեց գարնանային նստաշրջանի աշխատանքները»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում, երբ քննարկվում էր 2017-ի բյուջեի կատարողականը, միջադեպ է տեղի ունեցել. «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի և ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը միմյանց հայհոյել են: Այս միջադեպից հետո ակտիվ քննարկվեց Արցախի ԱԺ նիստերն ուղիղ հեռարձակելու հարցը:
