Թուրքիայում բարեկարգվում ու ասֆալտապատվում են Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները
Թուրքիայում բարեկարգվում ու ասֆալտապատվում են Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները, այս մասին տեղեկանում ենք թուրքական Anadolu գործակալությունից, որը հղում է անում Իգդիրի նահանգապետարանին։
«Իրանի, Նախիջևանի և Հայաստանի սահմանի երկայքով ձգվող լեռնային ավտոճանապարհների մեծ մասը բարեկարգվում է: Դրանք կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին։ Ներկայում բարեկարգված է արդեն 899 կմ երկարությամբ տարածք»,-գործակալության հետ զրույցում ասել է Իգդիրի նահանգապետ Էնվեր Ունլյուն՝ շեշտելով, որ բարեկարգված են նաև Արարատ լեռան ստորոտներով անցնող նախկինում դժվարանցանելի ճանապարհները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել ՀՀ սահմանին։ Ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ պետական սահմանին առայժմ պատ չի կառուցվի, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանային գոտին կհամալրվի նոր էլեկտրոնային սարքավորումներով:
