Դիմելու ենք քաղաքապետարան, որպեսզի Արամ Մանուկյանի արձանը ապամոնտաժվի և տեղափոխվի. մշակույթի փոխնախարար
Մշակույթի նախարարությունը քաղաքաշինության կոմիտեի հետ միասին քննարկելու է Արամ Մանուկյանի արձանի խնդիրը և դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ արձանը ապամոնտաժելու և տեղափոխելու պահանջով: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
«Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է, բայց հուշարձանների ցանկի մեջ չկա: Այն գտնվում է հուշարձանային պահպանության գոտու տարածքում, պահպանության գոտում ցանկացած շինարարական աշխատանք կատարելուց առաջ, ինչպես նաև արձան տեղադրելուց առաջ պարտավոր են նախագիծը ներկայացնել մշակույթի նախարարություն, համաձայնություն ստանան, նոր իրականացնեն մնացած աշխատանքները»,- նշեց փոխնախարարը:
Մինչ արձանի տեղադրումը քաղաքապետարան չդիմելը Տիգրան Գալստյանը պայմանավորում է նրանով, որ պետք էր ուսումնասիրել առկա փաստաթղթերը, արդյո՞ք կային իրավական հիմք հանդիսացող փաստաթղթեր, և նախկին որոշումները:
«Չէինք ուզում սկսել մի գործընթաց, հետո պարզվեր, որ նախորդողները համաձայնություն են տվել: Քաղաքապետարանը կարող է չկատարել մեր պահանջը միայն մեկ դեպքում, եթե նախկինում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը համաձայնություն տված լիներ, բայց մենք ստուգել ենք, գործակալությունով չի անցել այս հարցը: Նախկին փոխնախարարից ճշտեցինք, որ ինքը նույնպես չի տվել համաձայնությունը, նույնիսկ եթե նախկինում համաձայնություն տված լինեին բանավոր կամ գրավոր, միևնույն է, բավարար չէր»,- նշեց նա:
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակայքում Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման մասին, որում ասվում է, որ նախարարությունը կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:
