Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր եզրակացությունը բավարարի ԼՂՀ ԱԺ 2 պատգամավորներին. ԼՂՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ
Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂՀ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը բավարարի 2 պատգամավորներին՝ Հայկ Խանումյանին և Ժաննա Գալստյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Նախօրեին կայացած արտահերթ նիստի ժամանակ ԼՂՀ Ազգային ժողովը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել, որը քննելու է ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջև տեղի ունեցած միջադեպը:
Արթուր Թովմասյանի տեղեկացմամբ՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 5 պատգամավոր, իսկ եզրակացության հրապարակման համար վերջնաժամկետ է տրվել սեպտեմբերի 28-ը:
«Միջադեպի տեսանյութը կա, ես հիմա ուսումնասիրում եմ այն մինչև վերջ: Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ իրավապահ համակարգի աշխատող, բայց ես, որպես պատգամավոր, որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, իմ լիազորությունների շրջանակներում իմ կարծիքն եմ ասելու: Իրենց ամեն մի նախադասություն քննության է ենթարկվելու՝ սկզբից մինչև վերջ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի հունիսի 28-ի նիստում լեզվակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջև։ Համացանցում տեղադրվել է տեսագրությունը, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում։ Գալստյանը Խանումյանին անվանում է նաև «գյալմա»՝ եկվոր։
Նշենք, որ Հայկ Խանումյանը ծննդով Իջևանից է, ունի Ստեփանակերտի գրանցում, Արցախում հիմնադրել է Ազգային վերածնունդ կուսակցությունը և հանդես է գալիս Բակո Սահակյանի իշխանության քննադատությամբ։
Անդրադառնալով Ժաննա Գալստյանի կողմից Հայկ Խանումյանին «գյալմա» անվանելու շուրջ բարձրացված աղմուկին՝ Արթուր Թովմասյանը նշեց. «1980 թ.-ին, երբ որ մեր ժողովուրդը ոտքի ելավ, որպեսզի Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս գանք և վերամիավորվենք մայր Հայաստանին, դա ամբողջ Արցախի ժողովրդի երազանքն էր: Հետագայում այդ անկախ պետության գաղափարը ծնվեց որպես կոմպրոմիս տարբերակ, բայց մենք ունենք 1 հայրենիք և 2 հայկական պետություն: Եվ 2 հայկական պետությունների քաղաքացիները՝ ՀՀ քաղաքացիները Արցախում, Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ-ում, ոչ մեկը եկվոր չեն»:
