Եկեղեցու տարանջատումը խորը հիասթափություն կառաջացնի, ինչը երկրի ապագայի համար վատ է. կրոնագետը՝ Էջմիածնի բողոքի ակցիաների մասին
Կրոնագետ Վարդան Խաչատրյանը հանդիպել է Սուրբ Էջմիածնի Դիվանատուն մտած մարդանց: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե նրանց պահանջը հոգևոր կյանքի առողջացման համար պայքարը պետք է լինի: Ըստ Վարդան Խաչատրյանի՝ հավաքվածներից ոչ բոլորն են պահանջում Վեհափառ Գարեգին Բ-ի հրաժարականը:
«Ամեն մեկն ունի իր փաստարկները, և որևէ մեկը չի հրաժարվում այն բանից, որ անհրաժեշտ է հոգևոր վերածնունդ, քանի որ կարծում են, որ հոգևոր զարգացման հիմքերը մոռացվել են ու խարխլվել: Հարց են դնում եկեղեցու արմատական վերափոխման»,- ասաց նա:
Կրոնագետի խոսքով՝ միջնորդական առաքելություն իրականացնող մարդիկ պետք է կարողանան այս կնճիռն այնպես հարթեցնել, որ հնարավորինս անցնցում լինի: Խաչատրյանը կարծում է, որ պետք է գտնել փոխզիջման տարբերակ, այսինքն՝ նախանշվի ընտրություն, թե ինչ փոփոխություններ պետք է լինեն եկեղեցում:
«Կնճիռն ունի 2 կողմ՝ մի կողմից պետք է հարթել, նպաստել վերելքին, հոգևոր կյանքի վերափոխմանը, 2-րդ՝ պետք է այնպես անել, որ խայտառակություն չլինի, ինչը կարող է համերաշխության խաթարման բերել: Մենք լավ պետք է պատկերացնենք, որ ՀՀ-ն ավելի սեղմ սահմաններ ունի, քան Հայ Առաքելական եկեղեցին: Հայ ազգի միասնական գործառույթն է, այլ տարբերակ չկա այս հեղհեղուկ աշխարհում: Եկեղեցու տարանջատումը խորը հիասթափություն կառաջացնի, ինչը երկրի ապագայի համար վատ է, մենք դրա իրավունքը չունենք, պետք է լուծել խնդիրն այլ տարբերակով»,-նշեց Խաչատրյանը:
Վերջինս այս ըմբոստությունները քաղաքական զարգացում չի համարում, քանի որ կարծում է, որ եկեղեցին քաղաքական անցուդարձից պետք է զերծ լինի: Ըստ նրա՝ ընտանիք, պետություն, եկեղեցի կարևոր արժեքները նույն տեմպի վրա չի կարելի դնել:
«Եկեղեցին չի կարող լինել այն կառույցը, որը քաղաքական անցուդարձի առումով մտնի նույն տեմպի մեջ: Մենք պետականություն չենք ունեցել, բայց եկեղեցի ենք ունեցել, իսկ քաղաքական լիներ, ապա պետականության հետ եկեղեցին էլ չէր լինելու»,- հավելեց Վարդան Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Աստվածամուխ սուրբ Գեղարդի մասունքը նվիրելուն, նա ասաց, թե մասունք նվիրաբերելն այլ եկեղեցուն քրիստոնեության մեջ ընդունված կարգ է: Նրա կարծիքով՝ ՀՀ-ում գտնվող Սուրբ Գեղարդը օրիգինալն է: Վարդան Խաչատրյանը շեշտեց, որ ինքը որևէ կողմի պաշտպան չէ, սակայն համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Գարգին Բ-ն կաշառքով է ընտրվել:
«Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին՝ կապված կուսակրոնության կարգի խախտման հետ՝ պետք է հասկանալ, որ հարց է դրվում մարդու անձնական կյանք ներխուժման, որի իրավունքը չկա, ավելին՝ սահմանադրական կարգի խախտում է: Ասում են՝ աղջիկ կա, որի ԴՆԹ անալիզի գումարն իրենք կտանք և այլ, բայց մարդուն չես կարող ստիպել, որ անալիզ տա, նա պաշտպանված է Սահմանադրությամբ»,- ընդգծեց կրոնագետը:
Դիտարկմանը, որ կաթողիկոսի դեմ է նաև այն, որ նա կարգալույծ չի անում Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանին, ինչի հետևանքով Թուրքիայի հայ համայնքը ձուլման վտանգի տակ է, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Հասկանում եք՝ Աթեշյանի դեմ գործողությունները կարող է բերել եկեղեցու պառակտման: Աթեշյանը միայնակ չէ, թեկուզ, որ մեծ քանակությամբ հոգևոր ներկայացուցիչեր կան նրա հետևում: Նրա հետևում կանգնած են թուրքական իշխանությունները, որոնց գերագույն հաճույք կպատճառի այն, որ հայ եկեղեցին կմասնատվի: Կաթողիկոսից պահանջում են վիրաբուժական միջամտություն, բայց դա կպառակտի եկեղեցին»,- եզրափակեց Վարդան Խաչատրյանը: