Ամերիկացի գիտնականները գործվածք են ստեղծում, որը կարող է լիցքավորել էլեկտրոնային սարքերը (լուսանկար)
ԱՄՆ-ի Ցինցինատիի համալսարանի գիտնականները փորձում են ածխածնից նորարարական գործվածք ստեղծել, որը կօգտագործվի տարբեր էլեկտրոնային սարքավորումների մարտկոցներ լիցքավորող հագուստ պատրաստելու համար: Այս մասին հայտնում է Science Daily-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործվածքը ստեղծելու համար գիտնականները որպես հիմք են վերցրել ածխածնային նանոխողովակները, որոնք աճեցվում են վակուումային խցիկում:
Արդյունքում՝ նանոխողովակները փոքր մանրաթելային քառակուսի են ձևավորում, որը կարելի է վերածել տեքստիլային գործվածքի: Այն նման է սարդի մետաքսյա թելի, որը կարելի է ներհյուսել տարբեր գործվածքների մեջ:
Գիտնականների խոսքով՝ ածխածնային նանոխողովակները մյուս նյութերից տարբերվում են իրենց բացառիկ հատկություններով. մեծ դիմացկունությամբ, լավ հաղորդակցությամբ, մակերևույթի ավելի մեծ մակերեսով և բարձր ջերմակայունությամբ:
Ածխածնային մանրաթելերը կարելի է օգտագործել տարբեր սարքավորումներում՝ ծանր մետաղների տվիչներից մինչև սուպերէլեկտրակուտակիչներ և մարտկոցներ: Ածխածնային նանոխողովակները կարող են փոխարինել պղնձե մետաղալարն ավտոմեքենաներում և ինքնաթիռներում՝ այսպիսով նվազեցնելով մեքենաների քաշն ու բարձրացնելով վառելիքի օգտագործման արդյունավետությունը:
