Պետք է լինի մեկ նախագիծ. ԸՕ-ի շուրջ ՀՀ վարչապետին կից և ԱԺ հանձնաժողովները համաձայնության եկան (տեսանյութ)
Իդեալական տարբերակում, այո, պետք է լինի մեկ նախագիծ. «Ընտրական օրենսգրքի» շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Այնպես չէ, որ կառավարությունն ունի դիրքորոշում և փորձում է պարտադրել մյուս քաղաքական ուժերին, պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»,- ասաց Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի՝ իրենք գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների և հասկանում են, որ իդեալական լուծումների համար տարիներ են պետք:
«Ես ինքս ռեյտինգայինի ջատագով եմ, ընտրվել եմ ռեյտինգայինով, բայց կան հայաստանյան իրողություններ և զանազան մարդկանց աձնակենտրոն ընկալումներ։ Ի վերջո հնարավոր է բոլոր դետալների շուրջ համաձայնության գալ, հնարավոր է և ոչ մի հարցի շուրջ համաձայնություն չլինի, և նաև շատ հավանական է՝ գոնե 80%-ով համաձայնության գանք»,-ասաց նա:
Միրզոյանը նշեց, որ իրենց հիմնական խնդիրն է, որ արհեստական ժամանակ չձգձգեն՝ անիրականալի լուծում չունեցող հարցադրումներ բարձրացնելով:
«Նաև չարժե հանձնաժողովների միջև մրցակցության կամ գերակայության կոնտեքստում դիտարկել հանձնաժողովները, այսպիսի խնդիր չկա: Մենք գործադիրում աշխատում ենք տարբեր արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, հիմա նաև ԱԺ-ի հանձնաժողովի հետ, և վստահ եմ, որ բոլորիս նպատակն է ունենալ լավ օրենսգիրք»,-ասաց նա:
ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանը խնդրեց հստակեցնել, թե ԱԺ քանի նախագիծ է մտնելու:
Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իդեալական տարբերակում, այո, պետք է լինի մեկ նախագիծ, որի առանձին կետերի շուրջ կարող են համաձայնվել: Լավ կլինի, որ լինի, բայց գուցե նաև չլինի: Ես չեմ կարող բացառել, որ նախագիծ ներկայացնելու՝ մյուս կողմերի իրավունքի իրացումը»,-ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե արդյունավետ կլինի, որ զուգահեռ նույն օրակարգի շուրջ աշխատեն:
Արարատ Միրզոյանը նշեց, որ եթե առաջնորդվեն հանրային շահով, սեպտեմբերին կունենան նախագիծ, որը կդրվի քննարկում փուլ, ապա կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, այնտեղից առաջարկներ կստանան:
«Այնպես չի, որ կառավարությունն ունի դիրքորոշում, պետք է միասնական լուծում գտնենք ընդունված ժամկետում, մեկ տարուց տաս ամիս է մնացել»,-ասաց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որպեսզի մինչ այժմ քննարկված հարցերը, այսպես ասած՝ զտվեն: «Առաջարկում եմ մինչև հիմա քննարկված հարցերը զտել. այսինքն` որ խմբակցության առաջարկն ընդունելի է մեկ կամ երկու խմբակցությունների կողմից, շարունակենք դրա շուրջ քննարկումները, որ հարցը չունի աջակցություն, այլևս չքննարկվի»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է` ամենակարևոր մեսիջները փոխվարչապետը ներկայացրել է: «Այն, որ իրենք համատեղ աշխատանքի կողմնակից են, կողմնակից են, որպեսզի լինի մեկ նախագիծ, արդեն լավ է: Իհարկե, որևէ մեկը չի կարող բացառել, որ չի հաջողվի հասնել կոնսենսուսի, բայց բոլորս լիահույս ենք, և մեր աշխատանքն էլ մինչ այս պահը հուշում է` կկարողանանք հասնել կոնսենսուսին»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին որոշման համար, որովհետև նախորդ նիստից հետո իրենց մոտ տարակուսանք էր առաջացել:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ կարևորը՝ համաձայնություն կա, և որ կառավարության հանձնաժողովը կմասնակցի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։
Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Դուք, իմ մտքերն ավելի լավ ձևակերպեցիք»:
