Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող շուրջ 40-ամյա գիշատիչ բվեճը տեղափոխվել է կենդանաբանական այգի
Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճը հուլիսի 13-ին տեղափոխվել է ն Երևանի կենդանաբանական այգի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում կենդանաբանական այգուց տեղեկացրել են, որ կենդանին մոտ 40 օր կարանտինային շրջան կանցնի, ապա պայմաններ կստեղծվեն թռչնին ցուցադրելու համար:
«Բվեճը մոտավոր հաշվարկներով 30-40 տարեկան է: Այդ տեսակի թռչուններն ապրում են մինչև 80 տարի: Թռչունին վնասված են բերել «Հաղթանակի» այգի: Նրա աչքը վնասված է, բայց ընդհանուր առմամբ առույգ է»,-տեղեկացրել են այգուց:
Բվեճը ՀՀ Կարմիր գրքի տվյալների համաձայն սակավաթիվ ու խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Խոցելի» կարգավիճակով: Թռչունը բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ:
