Դեմ չեմ, եթե այդպիսի որոշում կայացվի, կքննարկենք. Ալեն Սիմոնյանը` Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու մասին (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ քննարկումները շարունակվում են կապված Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու հետ:
Նա ասաց, որ իրենից բացի, ևս հինգ հոգու անուն է քննարկվում: «Եթե ես դեմ լինեի, ես կհայտարարեի, որ դեմ եմ, դեմ չեմ, եթե այդպիսի որոշում կայացվի, կքննարկենք, թե ինչպես ենք քարոզարշավը անցկացնում, ինչպես ենք կառավարումը կազմակերպում և վստահեցնում եմ անմենալավ ձևով կկազմակերպենք»,-ասաց նա:
Չնայած դրան, Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր քաղաքական գործունեությունն այնքանով է կայացել, որ կարող է ԱԺ-ում իր գործունեությունը շարունակել, և քաղաքապետարանում կամ որևէ այլ կառավարման ոլորտում:
«Որ թեկնածուն էլ լինի սատարում է ունենալու մեր կողմից, քանի որ նա ընտրվելու է ժողովրդավարական մեթոդներով, ընդհանուր քննարկումների շնորհիվ: Եթե դա կլինեմ ես` լավ, եթե չեմ լինի, ես ամեն ինչ կանեմ, որ այդ թեկնածուն ամենաշատ ձայնը հավաքի ընտրությունների ժամանակ, ամենալավը ներկայանա և քաղաքացիների խնդիրները բարձրաձայնի»,-ասաց նա և նշեց, որ կուսակցությունում հակասություններ չկան:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքով ներկայանալու հարցին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ առումով ևս դեռ որոշում չկա և կկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:
