ՌԴ-ն պատերազմի վերսկսումը չի կանխարգելի, մեր հույսը մեր ԶՈՒ-ն է. պահեստազորի գնդապետ
Գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանխարգելելու նպատակով է հայտարարել է, որ ՌԴ–ն թույլ չի տա պատերազմի վերսկսումը Ադրբեջանի հետ, բայց չեմ կարծում, որ մենք պետք է մեր հույսը դնենք ՌԴ-ի վրա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը` անդրադառնալով լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար:
«Չեմ կարծում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, իր հնարավորությունները կօգտագործի պատերազմը չվերսկսելու համար, եթե այդպես լիներ իր ազդեցությունը Ապրիլյան պատերազմին կօգտագործեր, որպեսզի նման գործողություններ չլինեին: Ինչ-ինչ նպատակներով թողեցին, որ ակտիվ մարտական գործողությունները վերսկսեն, միայն հետո օգտագործեցին իրենց հնարավորությունները ԳՇ պետերի մակարդակով գործողությունների հետագա ընթացքը կասեցնելու համար»,-շեշտեց պահեստազորի գնդապետը:
Արտաշես Մխիթարյանը կարծում է, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի, զինված ուժերն իր առջև դրված խնդիրները կարող է կատարել, ուստի հայկական կողմը կարող է վստահ լինել միայն իր ուժերի և բանկի պատրաստվածության վրա:
«Ես կարծում եմ,որ ՌԴ-ն նույնիսկ կարող է ինչ-որ կողմին դաս տալու համար անգամ հրահրել, սադրել մարտական գործողությունների վերսկսումը, ռուսական քաղաքականությունը միշտ էլ դա է եղել: Ես չեմ ասում, որ պատերազմը հենց այս պահին կարող է վերսկսվել,բայց դիմագրավելուն միշտ պատրաստ պիտի լինենք, զգոնությունը չպիտի կորցնենք: Ինչքան ռուսների վրա ենք հույսներս դրել, միշտ կորուստ ենք ունեցել»,- մանրամասնեց Արտաշես Մխիթարյանը:
