ԱՄՆ քաղաքականության մեջ միտում է եղել՝ ՀՀ ինքնուրույնությունը չտեսնելն ու չգնահատելը․ Վիգեն Հովսեփյան (տեսանյութ)
Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ ամերիկյան հասարակական և քաղաքական կարծիքի որոշ շրջանները մինչև օրս խարխափումների մեջ են, թե ի վերջո Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի հետ քաղաքականության մասով ուր կհասնի:
Նրա դիտարկմամբ՝ դա հասկանալու համար պետք է հիշել, թե Թրամփին ինչ առաջադրանքներով եկավ իր պաշտոնին․Թրամփի համար, նրա կարծիքով, քաղաքականությունը նման է տնտեսության որևէ մի գործարքի, նա, որպես հաջողակ բիզնեսմեն, կարող է լավ ձևով սակարկել, բանակցել:
Վիգեն Հովսեփյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանում նշմարվող քայլերին, մասնավորապես Նորվեգիայի մայրաքաղաք Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, նշեց, որ շատ տիպիկ է Թրամփի համար՝ նման բանակցային գործընթաց սկսելը, հետո տեսնելը, թե այդ ամենը ինչ ուր կհասնի:
«Դա մեզ՝ արտաքին քաղաքականության մեջ մասնագիտացված մարդկանց համար անհասկանալի է: Պետք է ծրագիր լինի, պետք է մեկնակետ, նպատակ գոյություն ունենա: Բայց այս պարագայում նա գործընթաց է սկսում, որ հետո տեսնի, թե ինչ է լինելու ապագայում»,- ասաց Վիգեն Հովսեփյանը:
Պատասխանելով դիտարկմանը, թե ի տարբերության Եվրամիության, որը որոշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ժամկետը երկարաձգել, ԱՄՆ-ը որոշել է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, քաղաքագետը նկատեց՝ երկխոսության մեջ պարտադիր չէ լուրջ ինչ-որ բան գտնելը: «Շատ բան կախված է Ռուսաստանից»,- ասաց նա՝ նշելով եթե Ռուսաստանը որոշի զիջումների գնալ, Թրամփը դա հաղթանակ կհամարի, իսկ եթե Ռուսաստանի քաղաքականությունում ոչինչ չփոխվեց, Թրամփը կվերադառնա և կասի, որ պարզապես չստացվեց:
Նրա կարծիքով՝ ռուս-ամերիկյան քաղաքականությունում ընթացող զարգացումներով առավել հավանական սցենարը Ռուսաստանի կողմից որոշակի զիջումների գնալն է: «Հանձինս նախագահ Պուտինի՝ որոշակի մակերեսային զիջումներ կանեն, որպեսզի այս գործընթացն առաջ գնա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան երկխոսության հնարավոր ազդեցությանը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրա, ապա Վիգեն Հովսեփյանի բնորոշմամբ՝ ամերիկյան քաղաքականության մեջ՝ հատկապես վերջին տարիներին ավելի և ավելի շեշտված միտում է եղել՝ Հայաստանի ինքնուրույնությունը չտեսնելն ու չգնահատելը, Հայաստանին «արբանյակային» կարգավիճակ տալը:
«Մեր՝ հայկական կողմի ճիգը շարունակաբար եղել է առանձնացնել Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիր ունեն նաև Հայաստանի հարաբերությունները իր հարևանների, ինչպես օրինակ՝ Իրանի հետ ներկայացնել, բացատրել որ Հայաստանն այդ երկրների հետ ունի շահեր և այդ շահերից ելնելով ՝է իր հարաբերությունները կառուցում և ոչ ի հեճուկս ԱՄՆ-ի շահերի:
