Պատժամիջոցներ ՆԱՏՕ-ի ներսում. Էրդողանը ներողություն կխնդրի՞ Թրամփից. Carnegie.ru
Մի քանի տարի առաջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առճակատումը Սիրիայում կործանված ռուսական ռմբակոծիչի պատճառով ավարտվեց նրանով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուամենայնիվ «ներողություն» խնդրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, բայց առանց դեմքը կորցնելու: Այժմ Թուրքիայի նախագահը պետք է առճակատվի մեկ այլ հայտնի խարիզմատիկ առաջնորդի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, carnegie.ru-ում գրում են Տիմուր Ախմետովը և Կիրիլ Կրիվոշեևը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ՝ կապված Թուրքիայում կալանքի տակ մնալ շարունակող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի հետ։ Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը նշել է, որ երկու նախարարները զգալի դեր են ունեցել Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման գործում։
Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով: Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար: Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում:
Ինչպես գրում են հեղինակները, կողմերից յուրաքանչյուրը հասկանում է, որ ճգնաժամը երկարաձգելը վտանգավոր է: Ցանկություն կա սպասել մինչև անցնի հանրային դժգոհության փոթորիկը՝ չմոռանալով ճգնաժամն օգտագործել սեփական ներքաղաքական շահերում: Թրամփի համար դա մասնավորապես նշանակում է ամրապնդել ամերիկացի ժողովրդի շահերի անհաշտ պաշտպանի կերպարը, իսկ Էրդողանի համար՝ հերթական անգամ ցույց տալ թուրքերին, որ իր գլխավորությամբ Թուրքիան կարող է դիմակայել դիվանագիտական ճնշմանը: Ինչպես և նախորդ տասնամյակներում, ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքում ռազմական անվտանգության հարցերը հուսալիորեն շարունակում են պահել ԱՄՆ-ի Թուրքիայի հարաբերություններն ամբողջական խզումից: Անկարան դեռ պատրաստ չէ զրկվել ՆԱՏՕ-ի ռազմական աջակցությունից, իսկ Վաշինգտոնը դեռ չի գտել Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաների համար լիարժեք այլընտրանք:
Ինչպես ցույց է տվել երկրների միջև առաջացած ճգնաժամը, ամերիկացիներն ըստ երևույթին շարունակում են հակված մնալ Թուրքիային ընկալել որպես հավատարիմ դաշնակից, որի հետ հնարավոր է պայմանավորվել: Պայմանավորվածությունները, սակայն, ավելի ու ավելի հաճախ գործարքային բնույթ են կրում: ԱՄՆ-ի յուրաքանչյուր պահանջ պետք է ուղեկցվի Անկարային հետաքրքրող հարցերում պատասխան փոխզիջումներով:
Հոդվածագիրները նշում են, որ ԱՄՆ-ում ներքին քաղաքական գործընթացների և առաջնորդների անձնական հատկանիշների ճնշման տակ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը ոչ պաշտոնական բնույթ է կրում, ինչը նշանակում, որ համագործակցությունը ենթակա չէ օպերատիվ միջամտության ճգնաժամային պահերին: Պրոֆեսիոնալ դիվանագետները հաճախ տեղյակ չեն երկու խարիզմատիկ և պոպուլիստ առաջնորդների պայմանավորվածությունների բովանդակության մասին:
Ինչպես ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների բավականին զուսպ արձագանքը պատժամիջոցներին, Թուրքիան էլ ավելի վստահ է իրեն զգում ԱՄՆ-ի հետ բանակցություններում, այդտեղ կա Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի արժանիքը:
Թեհրանը, մասնավորապես, ակնարկել է, որ Թուրքիային միայնակ չի թողնի: Ինչպես հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, «թուրք նախարարների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները ցույց են տալիս ոչ միայն պետական կառավարման փոխարեն ամերիկյան վարչակազմի կողմից ճնշման և շորթման քաղաքականությունը, այլև այն, որ նրանց պատժամիջոցներին հակվածությունը սահմանները չի ճանաչում»:
Միջազգային դաշտում Թուրքիայի դիրքերի ուժեղացման պատճառները միայն Էրդողանի ձեռքերում ընտրություններից հետո իշխանության կենտրոնացման մեջ չէ: Թուրքիան, մասնավորապես, ի պատասխան F-35 ինքնաթիռների մատակարարումներն արգելելու վերաբերյալ Կոնգրեսի սպառնալիքների հայտարարել է, որ Թուրքիան այլընտրանքներ ունի՝ ակնարկելով Ռուսաստանից զենք գնելու մտադրության մասին: Ակնհայտ է, որ Կրեմլի հռետորաբանությունը Սիրիայում Անկարայի կարևոր դերի մասին, որտեղ թուրքերը ամերիկացիների հետ բարիկադների տարբեր կողմերում են, ուժեղացնում է Վաշինգտոնի հետ առճակատման մեջ Անկարայի բանակցային դիրքերը:
Հեղինակները, մեկնաբանելով, թե արդյոք պետք է սպասել հակամարտության սրացման, թե հակառակը՝ հաշտեցման, նշում են, որ հնարավոր է՝ հարաբերությունները չկարգավորվեն մոտ ժամանակներս, բայց ընդհանուր առմամբ իրավիճակն անհույս չի երևում: Հայտարարությունների բնույթը, որոնցով փոխանակվում են ԱՄՆ-ն և Թուրքիան վերջին ժամանակներս, ցույց է տալիս, որ նրանք մտադիր են նվազեցնել լարվածությունը: Նախագահները մտադիր են շարունակել ամերիկացի հոգևորականի և Թուրքիայում 2016 թվականից ի վեր ձերբակալված մյուս քաղաքացիների հետագա ճակատագրի մասին երկխոսությունը, գրում են հոդվածագիրները: