Թուրքիան մտադիր է Սիրիայում ահաբեկիչներից նոր տարածքներ ազատագրել
Թուրքիան մտադիր է Սիրիայում նոր տարածքներ ազատագրել ահաբեկիչներից: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Տրապիզոն քաղաքում իր ելույթի ժամանակ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մենք Սիրիայում նոր շրջանների ավելացման պատրաստության վերջին փուլում ենք: Դրանք կավելանան այն շրջաններին, որտեղ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ մենք անվտանգություն ենք ապահովել: Ալլահի օգնությամբ մենք նոր տարածքներ կազատագրենք և այնտեղ մոտ ապագայում անվտանգություն կապահովենք»,- նշել է նա:
Մայիսի սկզբին Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Սիրիայում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական գործողություններին կհետևեն նորերը: Էրդողանը նաև հայտնել է, որ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը իր սահմանների մոտից ահաբեկիչներից եկող վտանգն ամբողջովին վերացնելու համար:
