«Այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ինչպես Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին». Եվգենի Սատանովսկի
ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա դժվար է կանխատեսել, քանի որ հայտնի չէ՝ ինչ քաղաքականություն կվարեն ՀՀ նոր իշխանությունները։
«Այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ինչպես Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի Իրանի նկատմամբ պատժամիջոցներին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության կեսն այդ մասին չգիտի։ Դուք ունեք նոր ղեկավարություն, որն ունի իր պատկերացումները, թե ինչպես պետք է ապրի Հայաստանը հետագայում»,- «ՌուսԱրմԻնֆո»-ի հետ զրույցում ասել է Սատանովսկին։
Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրենը չի տիրապետում Հայաստանի և Միացյալ նահանգների առևտրային հարաբերությունների ամբողջական պատկերին, սակայն կարծում է, որ եթե ՀՀ իշխանությունները հավատան Իրանի հետ առևտրի կրճատման հետևանքով ունեցած կորուստների փոխհատուցման մասին Վաշինգտոնի խոստմանը, ապա սխալված կլինեն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:
Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին:
Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ նոր ամերիկյան պատժամիջոցները երբևէ սահմանված պատժամիջոցներից ամենախիստն են, և նախազգուշացրել է, որ Իրանի հետ համագործակցող երկրները չեն կարողանա համագործակցել ԱՄՆ-ի հետ: