Իտալիայում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ
![Իտալիայում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ](https://gdb.rferl.org/6F208550-E55C-44E0-ABE5-48CD0E9F16D1_w800_h450.jpg)
Ճենովայում ավտոճանապարհի վրա կառուցված կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, կան մեծ թվով վիրավորներ:
Կամրջի 80-մետրանոց մի հատված ընկել է մի արտադրամասի և մի քանի շենքի վրա:
«Անընդունելի է, որ այսպիսի կարևոր կամուրջն անորակ են կառուցել, չեն կանխել նմանօրինակ ողբեգրությունը»,- ասել է Իտալիայի տրանսպորտի փոխնախարար Էդոարդո Ռիքսին: Նրա փոխանցմամբ, զոհերի թիվը, ենթադրաբար, կավելանա:
Իտալիայից Ֆրանսիա տանող ավտոճանապարհին գտնվող այդ կամրջի վերանորոգման աշխատանքը կատարվել է 2016 թվականին:
Ականատեսների փոխանցմամբ, փլուզման պահին ճանապարհին եղել է 8 կամ 9-ը բեռնատար, դրանք հայտնվել են կամրջի ավերակների տակ:
«Այստեղ ահավոր ապոկալիպտիկ տեսարան է»,- ասել է ականատեսը Sky Italia հեռուստակայանին:
Աղետի գոտում աշխատում են 200 հրշեջներ, փրկարար ջոկատներ և շտապօգության խմբեր:
Իտալիայի տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին ասել է, որ այսօրվա աղետն ապացուցում է, թե որքան անմխիթար է իտալական ենթակառուցվածքների վիճակը:
«Մեղավորները կվճարեն այս ողբերգության համար»,- ասել է նախարարը: