Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ, արձակուրդ գնալու դիմում կգրեմ. Արտակ Զեյնալյան
Ես, որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով գլխավորելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը:
«Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», - ասաց Արտակ Զեյնալյանը:
Անդրադառնալով դիտարկմանը՝ եթե ԼՀԿ-ն ու «Հանրապետությունը» դաշինքով են գնում ընտրություններին, ՔՊ-ն՝ միայնակ, արդյոք սա չի նշանակում, որ «Ելք» դաշինքը դադարում է գոյությունը՝ նախարարն արձագանքեց, որ դաշինքը գործում է խորհրդարանում:
««Ելք»-ը շարունակում է լինել ներկայիս կառավարության հիմնական հենարանը», - ընդգծեց նա:
