ԱՄՆ-ից արտաքսել են Երրորդ ռեյխի նացիստ Յակով Պալիյին
ԱՄՆ-ից Գերմանիա է արտաքսվել Յակով Պալիյը՝ Երրորդ ռեյխի՝ ԱՄՆ-ում բնակվող վերջին հայտնի նացիստներից մեկը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ 95-ամյա տղամարդու արտաքսումը տեղի է ունեցել 25 տարի անց այն բանից հետո, երբ քննիչներն առաջին անգամ նրա մոտ են եկել՝ անցյալի մասին հարցերով:
2003 թվականից Պալիյը ԱՄՆ-ի քաղաքացիություն չի ունեցել, սակայն նա իր կնոջ՝ Մարիայի հետ շարունակել է ապրել Նյու Յորքում, քանի որ ոչ մի երկիր չի համաձայնել ընդունել նրանց:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պալիյին հաջողվել է արտաքսել մի քանի շաբաթ տևած դիվանագիտական հանդիպումներից հետո:
Դեռևս անհայտ է՝ ինչ է սպասվում նրան Գերմանիայում: Ավելի վաղ դատախազները հայտնել են, որ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ապացույցները բավարար չեն:
Պալիյը ծնվել է ուկրաինական ընտանիքում, իսկ 1943 թվականին աշխատել է որպես հսկիչ «Տրավնիկի» համակենտրոնացման ճամբարում: Այնուհետև նա տեղափոխվել է ՍՍ-ի պահակային գումարտակ, որտեղ ծառայել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:
1949 թվականին Պալիյը մեկնել է ԱՄՆ, և վիզա ստանալու համար նա խաբել է, թե պատերազմի ժամանակ աշխատել է սկզբում ատաղձագործական արհեստանոցում, այնուհետ՝ ֆերմայում՝ պատճառաբանելով, որ հակառակ դեպքում ինքը վիզա չէր ստանա:
ԱՄՆ-ում տղամարդն աշխատել է որպես գծագրող, այնուհետև թոշակի է անցել: Պալիյի անցյալի մասին հայտնի է դարձել, երբ նրա անունը հայտնաբերվել է նացիստական ռեեստրում: Հարցաքննությունների ժամանակ նա խոստովանել է, որ աշխատել է համակենտրոնացման ճամբարում և ծառայել ՍՍ-ում, սակայն հերքել է իր կապը ռազմական հանցագործությունների հետ:
2003 թվականին ԱՄՆ-ի դատարանը հաստատել է նրա մասնակցությունը սպանություններին:
