Իսպանական թիմերի ավագները դեմ են ԱՄՆ-ում և Կանադայում խաղալու գաղափարին
Իսպանական Լա լիգայում հանդես եկող թիմերի ավագները դեմ են լիգայի ղեկավարության՝ առաջնության որոշ հանդիպումներ ԱՄՆ-ում և Կանադայում անցկացնելու որոշմանը:
«AS» պարբերականը գրում է, որ օգոստոսի 22-ին Լա լիգայի 20 ակումբների ավագները հավաքվելու են Ֆուտբոլիստների իսպանական ասոցիացիայում և մշակելու են լիգայի որոշման դեմ պաշտոնական հայտարարությունը:
Բացի այդ, սպասվում է, որ ավագները դեմ են արտահայտվելու առաջնության հանդիպումներն ուրբաթ և երկուշաբթի օրերին անցկացնելու գաղափարին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լա Լիգան համաձայնության է եկել «Relevant» բազմազգ կազմակերպության հետ և 15 տարի շարունակ Իսպանիայի առաջնության որոշ հանդիպումներ կանցկացվեն ԱՄՆ-ի ու Կանադայի տարածքում: Համաձայնագրի մեջ կա կետ, ըստ որի արդեն այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» կարող են այդպիսի մի քանի խաղ անցկացնել ԱՄՆ-ում:
