«Նապոլիի» կիսապաշտպան. «Ռոնալդուն ի զորու չէ միայնակ Իտալիայի չեմպիոն դառնալ»
«Նապոլիի» կիսապաշտպան Մարկես Ալանը կարծում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ինչ-որ նոր բան տալ «Յուվենտուսին», սակայն պորտուգալացին չի կարող միայնակ դառնալ Իտալիայի չեմպիոն:
«Ռոնալդուի` Իտալիա ժամանելուց հետո Ա Սերիան ավելի շատ երկրպագու ունեցավ: Բացի այդ, մյուս ակումբներն ունեցան ևս մեկ պատճառ ավելի մոտիվացված լինելու: Իհարկե կարևոր է, որ Ա Սերիան ունենա մեծ քանակությամբ աստղեր:
Ռոնալդուն ի զորու է օգնել «Յուվենտուսին», ինչ-որ նոր բան տալ թիմին, սակայն որպես ֆուտբոլիստ նա չի կարող միայնակ հաղթել Ա Սերիան: «Նապոլին» վստահ է իր ուժերին: Մենք կանենք այն, ինչ արել ենք միշտ և կփորձենք դիմադրել «Յուվենտուսին»»,- Ալանի խոսքն է մեջբերում «Lance»-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ 4-ամյա պայմանագիր է կնքել: Պորտուգալացու տրանսֆերի դիմաց «ծեր սինյորան» վճարել է 112 մլն եվրո: Ֆուտբոլիստի աշխատավարձը թուրինյան ակումբում կազմում է տարեկան 30 մլն եվրո:
