Պորոշենկոյին զրկել են Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից
Իտալական Վերոնայի քաղաքապետարանը զրկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik Italia-ն, հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Վիտո Կոմենչինին՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ:
Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչմանը Պորոշենկոն արժանացել էր 2016 թվականին՝ ի նշան երախտագիտության Վերոնայից գողացված և Ուկրաինայում հայտնաբերված արվեստի 17 գլուխգործոցը կրկին Իտալիային վերադարձնելու համար:
Շուրջ 20 միլիոն եվրո արժողությամբ կտավները Վերոնայի Կաստելվեկյո թանգարանից գողացվել էին 2015 թվականին: Հաջորդ տարի կտավները հայտնաբերվել են Օդեսայի շրջանում, որտեղից հանցագործները մտադիր էին դրանք Մոլդովա տեղափոխել:
Պորոշենկոյին Վերոնայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնողը քաղաքապետ Ֆլավիո Տոզին էր, սակայն այս որոշումն առաջացրել է բնակիչների ու հասարակական կազմակերպությունների դժգոհությունը, ինչը պայմանավորված էր Դոնբասում խաղաղ բնակչության դեմ Կիևի իրականացրած ռազմական գործողություններով:
