Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ քաղաքացիների համար տրանսպորտի թանկացմանը. Հ. Մարության
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման մասին իր խոսքերին:
Մարությանը, մասնավորապես, գրել է.
«Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար:
Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա:
Հ.Գ. Հարգելիներս միշտ դիտեք տեսանյութը, և մի հավատացեք հոդվածների վերնագրերին:
Հ.Գ.Գ. Համոզված եղեք` ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ: Շնորհավորանքների համար շատ շնորհակալ եմ!!!»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասել էր, թե զավեշտալի է, որ 2013 թվականից ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից:
«Սա զարմանալի է: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի՛ թանկացրեք: Այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, դա օբյեկտիվ չի: Նախկին իշխանությունները չէին բարձրացնում՝ վախենալով բողոքի նոր ալիքից»,-ասել էր նա:
